Չինաստանում մշակել են արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներով սաղավարտ։ «Սինհուա» գործակալությունը հայտնում է, որ սաղավարտի աշխատանքի նպատակն է լինելու ոչ միայն բարելավել հիվանդների հիշողությունը, այլեւ բուժել Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդությունները։

Հետազոտողները նշում են, որ սարքն իրականացնում է գլխուղեղի ալիքների մշտադիտարկում։  Եվ այսպես, հատուկ էլեկտրոդային հաղորդիչները ստանում են տեղեկություններ մարդու ուղեղի գործունեության մասին, երբ նա կատարում է այս կամ այն մտավոր առաջադրանքը։ Տեղեկությունների վերլուծությունից հետո էլեկտրոդները գլխի որոշակի հատվածներ են ուղարկում հոսանքի թույլ ազդակներ, ինչի շնորհիվ տեղի է ունենում գլխուղեղի նեյրոնների ակտիվացում։

Մշակողների կարծիքով՝ տվյալ տեխնոլոգիան ոչ միայն նպաստում է հիվանդի հիշողության բարելավմանն ու նրա մտավոր ընդունակությունների բարձրացմանը, այլեւ հանգեցնում է սթրեսի ու լարվածության հետեւանքով առաջացող տագնապի ընդհանուր մակարդակի նվազմանը։

Սաղավարտը հաջողությամբ փորձարկվել է լաբորատոր պայմաններում՝ փորձի մասնակիցների մոտ արդեն 15 րոպե հետո նկատվել է հիշողության ու ուղեղի աշխատունակության բարելավում։ Չինաստանի բուժհաստատություններում այդ սաղավարտի կիրառումը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ կիրականացվեն համալիր փորձարկումներ՝ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Մասնագետները հույս ունեն, որ  տվյալ սաղավարտի գործածումը կարող է օգնել հիպերակտիվության համախտանիշով ու ուշադրության պակասով երեխաների բուժմանը։ Բացի դրանից, նորագույն տեխնոլոգիան կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր տառապում են դեպրեսիայով, կամ ում մոտ ախտորոշված են Ալցհեյմերի ու Պարկինսոնի հիվանդություններ։