Սեւանա լճում ջրի ծաղկումը, որը գրանցվել է այս տարի, իր ծավալներով աննախադեպ է։ Այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի ու իխտիոլոգիայի ինստիտուտի բաժնի վարիչ Լուսինե Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ միկրոջրիմուռները «գրոհել են» լճի գրեթե ամբողջ մակերեսը։ Մինչդեռ այս երեւույթը բացասական հետեւանքներ ունի։ Եվ այսպես, ցիանոբակտերիաների շրջանում հանդիպում են թունավոր տեսակներ, որոնք թույն են արտանետում ջրի մեջ։ Բացի դրանից, ջրիմուռների քայքայման ժամանակ ջրի մեջ կնկատվի թթվածնի պակաս։
Այսպիսով, փորձագետը բացասական գնահատական է տվել այն բանին, որ օրերս «Սեւան» ազգային պարկի տնօրենը Սեւանի ջրի անվտանգությունն ապացուցելու համար ցուցադրական ձեւով ջուր է խմել լճից։ «Դա անլուրջ մոտեցում է։ Լճի հարակից բնակավայրերի բնակիչները երբեք ջուր չեն խմում ափամերձ գոտուց»,- նկատել է նա։
Համբարձումյանը կոչ է արել լճում լողալ միայն այն բանից հետո, երբ Սեւանը կմաքրվի միկրոջրիմուռներից։ «Աշխարհի այլ երկրներում էլ են նման իրավիճակներ գրանցվել, ու այդ ժամանակ մասնագետներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ լողողների մոտ կարող են մաշկային ալերգիկ ռեակցիաներ առաջանալ ու աղեստամոքսային տրակտի խնդիրներ»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ ինքնամաքրման պրոցեսները լճում 1-3 ամիս են տեւում։ «Մեծ Սեւանում ջրի ծաղկումը նվազում է, իսկ Փոքր Սեւանում՝ ծաղկման պրոցեսները շարունակվում են»,- ասել է նա։
Նա կոչ է արել ստեղծված իրավիճակի պատճառները դիտարկել մի քանի ուղղություններով։ Նախ՝ լճի ռեկրեացիոն գոտում կեղտաջրերի համար մաքրման կայանների բացակայությունը, այնուհետեւ՝ Սեւանի ջրի մակարդակի կտրուկ տատանումները, տաք ձմեռը, որի պատճառով լիճը ակնկալվող ժամկետներից շուտ է տաքացել։
Ստորջրյա հետազոտությունների ու խորասուզումների հայկական կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ ծաղկման ժամանակ լճի թափանցիկությունն այնքան է վատացել, որ 12 մետր խորության վրա գրեթե արեւի լույս չի ներթափանցում։ «Խորասուզումների ժամանակ մենք մեծ քանակությամբ զոոպլանգտոն ու ֆիտոպլանգտոն ենք հայտնաբերում, ինչը մտավախություններ է առաջացնում, քանի որ դրանք ձկների ու խեցգետինների համար սնունդ են հանդիսանում։ Դա խոսում է սննդային օղակում տեղի ունեցած խախտումների մասին»,- նշել է նա՝ հավելելով, որ Կենտրոնի ներկայացուցիչները արդեն երկրորդ տարին են գրանցում խեցգետինների պոպուլյացիայի նվազում։
«Մենք հանդիպել ենք Հայաստանի բնապահպանության փոխնախարարի հետ ու ներկայացրել Սեւանի ջրի որակի բարձրացման մասին մեր առաջարկները։ Դա շատ կարեւոր է Սեւանում էկոտուրիզմ զարգացնելու համար»,- ասել է նա։






