ԱՄՆ Կոլորադո նահանգից 12-ամյա Ջեյդեն Ռոջերսը բախվել է շատ հազվագյուտ հիվանդության հետ, ինչի հետեւանքով նրա մաշկը քարի պես կարծր է դարձել:
Տղայի մոտ բնածին ֆասցիալ (թաղանթային) դիստրոֆիա է՝ հիվանդություն, որը հայտնագործել են 1970-ական թվականների վերջին: Բժշկական գրականության մեջ նկարագրված է այս հիվանդության միայն 41 դեպք: Այն արագ տարածվում է ամբողջ մարմնով՝ մաշկն ավելի հաստ ու կարծր դարձնելով: Արդյունքում հիվանդը կորցնում է շարժվելու ունակությունը եւ կարող է մահանալ:
Հինգ տարի առաջ տղայի հոգեհայրը նրա աջ ազդրին ոչ մեծ ելունդ է նկատել: Հաշված շաբաթների ընթացքում նորագոյացությունն ընդգրկել է ամբողջ ազդրը եւ հասել է ծնկի ներքին ծալատեղին: Այնուհետեւ այն անցել է ձախ ոտքին, հետույքին եւ ձեռքերին Կալցիումի աղերի կուտակման պատճառով երեխայի հոդերը սկսել են կորցնել շարժունակությունը:
Բժիշկները փորձում են հիվանդության տարածումը դանդաղեցնել քիմիաթերապիայի միջոցով: Դրանից բացի, դեռահասը ստիպված է ընդունել հզոր ցավազրկողներ, որոնց պատճառով նա օրվա մինչեւ 18 ժամը քնած է: Հիմա նա ստիպված է օգտվել հաշմասայլակից եւ այլեւս չի կարող դպրոց հաճախել:
Նրան որդեգրած ծնողները երեխայի բուժման համար 500 հազար դոլար են ծախսել՝ այն ամենը, ինչ հասցրել էին կուտակել ծերության տարիների համար: Հիմա նրանք փորձում են քրաուդֆանդինգային Gofundme ծառայությունում հավաքել 1,5 մլն դոլար, որ Ջեյդենին եվրոպական կլինիկա ուղարկեն ցողունային բջիջների օգտագործմամբ ինովացիոն թերապիայի տարեկան կուրս անցնելու համար:






