Չինաստանից բժիշկները հայտնաբերել են նախկինում անհայտ Angiostrongylus cantonensis-ի փոխանցողների, որոնք առաջացնում են մակաբուծային հիվանդություն՝ անգիոստրոնգիլեզ: Դրա պատճառը, պարզվում է, բազմոտանիներն էին: Մինչեւ հիմա հայտնի էր, որ Angiostrongylus cantonensis-ի փոխանցողները կակղամորթներն են ու կրծողները:
Հետազոտողներն անսպասելի հայտնագործություն են կատարել, երբ մի քանի շաբաթվա տարբերությամբ Գուանչժոուի հիվանդանոց են դիմել 78-ամյա կինը եւ նրա 46-ամյա որդին: Նրանց մոտ առկա էին նույնատեսակ ախտանիշներ՝ քնկոտություն, կոգնիտիվ խանգարումներ, ուժեղ գլխացավեր, որոնք արդեն շարունակվում էին 20 օրից ավելի:
Բուժզննմամբ պարզվել է, որ նրանք վարակվել էին Angiostrongylus cantonensis-ով: Փորձելով որոշել, թե վարակումն ինչպես է տեղի ունեցել, պարզվել է, որ թե՛ տղամարդը, թե՛ կինը սնունդի մեջ բազմոտանի են օգտագործել: Որդին բացատրել է, որ նախկինում երբեք չի համտեսել այդ հատվածոտանիներին, սակայն լսել է, որ դրանք ուտելը կարող է օգնել ձնեռային մրսածության կանխարգելմանը: Նա սկսել է բազմոտանիներին ուտել՝ չմոռանալով մորը նույնպես առաջարկել հրաշք միջոցը, որը պետք է ամրապնդեր նաեւ նրա իմունիտետը:
Սակայն բազմոտանիները նրանց չեն առողջացրել, հակառակը՝ դարձել են նրանց հոսպիտալացման պատճառը:
Ժողովրդական բժշկության մեջ բազմոտանիների օգտագործումը հնագույն ավանդույթ է: Սովորաբար այս հատվածոտանիներն օգտագործվում են չորացված եւ մանրացված ձեւով, կամ սպիրտում թրջած՝ նման մշակումը սովորաբար ոչնչացնում է մակաբույծ նեմատոդներին: Ի դեպ, շուկայում հնարավոր է ձեռք բերել նաեւ ողջ բազմոտանիների. փորձարկման նպատակով գիտնականները գնել են 20 ողջ անողնաշավորի, որոնցից 7-ի մեջ որդի թրթուրներ կային: Հիվանդներին նշանակել են 3-շաբաթյա բուժման կուրս՝ հակամակաբուծային դեղամիջոցներով. հիմա նրանք հիվանդանոցից դուրս են գրվել եւ տուն գնացել:
Angiostrongylus cantonensis-ով վարակումը կարող է բերել զոզինեֆիլային մենինգիտի զարգացման, տեսողության խանգարման եւ նույնիսկ ամբողջական կաթվածի:






