Գիտնականները պարզել են այն հավանական պատճառը, թե ինչու մեծահասակ մարդիկ չեն հիշում, թե ինչ է իրենց հետ կատարվել կյանքի առաջին երեք տարիների ընթացում։ Նրանք ենթադրել են, որ անցյալի հիշողությունները ջնջվում են ուղեղում նոր բջիջների՝ նեյրոգենեզի առաջացման հետեւանքով։

«Կարծիք կար, որ հավելյալ նեյրոնների առաջացումը միայն նպաստում է նոր հիշողությունների պահպանման գործընթացին։ Սակայն նոր նեյրոնների առաջացումը նաեւ հիշողությունից ջնջում է վաղ իրադարձությունները»,-ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Տորոնտոյից նյարդակենսաբան Փոլ Ֆրանկլենդը։

Նեյրոգենեզի ամենաակտիվ շրջանը տեղի է ունենում մանկության տարիներին, այնուհետեւ նեյրոնների արտադրման արագությունը նվազում է։ Գիտնականները մկների վրա կատարել են մի փորձ՝ իրենց տեսությունը հիմնավորելու համար, հայտնում է Washington Post-ը։

Մի խումբ մեծահասակ մկներ եւ 17օրական ձագուկներ (համարժեք է նորածին մարդու տարիքին) տեղափոխվել են փորձասենյակ եւ նրանց դրել են վանդակի մեջ, որի հատակով թույլ հոսանք են անցկացվել։ 4 շաբաթ անց նրանց կրկին տեղափոխել են նույն սենյակ։ Մեծահասակ մկները սկսել են տագնապի մատնվել՝ հիշելով ցավալի փորձը. այն դեպքում, երբ երիտասարդ ձագուկների մոտ նման հիշողությունները ջնջվել էին։

Այնուհետեւ գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է ազդել նեյրոգենեզի հիշողության վրա։ Մի շարք մեծահասակ մկների մոտ կրկին վախի զգացում են առաջացրել, իսկ մի խմբի մոտ ֆիզիկական ակտիվության եւ դեղամիջոցների օգնությամբ խթանել են նեյրոգենեզի գործընթացը։

Արագացված նեյրոգենեզը օգնել է մկներին մոռանալ ցավալի փորձը։ Նոր նեյրոնների աճը ճնշող դեղերի  ազդեցության տակ կրծողները, ընդհակառակը, ավելի մեծ վախի զգացում են ունեցել հոսանքով վանդակից։

Երեխաների թույլ հիշողությունը Ֆրակլենդը ուսումնասիրել է նաեւ իր դստեր օրինակով։ Երկու տարեկան հասակում նա չի կարողացել հիշել 2 ամիս առաջ  կենդանաբանական այգի կատարած իր այցելության մասին։ Գիտնականները նույն արդյունքին են ականատես եղել, երբ ուսումնասիրել են 4-7 տարեկան 140 երեխաների։ Ընդ որում ավելի մեծ երեխաները (10-13) տարեկան ցույց են տվել լավագույն արդյունքը։

Այսպիսով, ապագայում նոր տեղեկություն սովորելու եւ հիշելու ունակությունը բարելավող նեյրոնները զուգահեռաբար ջնջում են անցյալի մասին տեղեկությունները։ Չնայած որոշ անհարմարությունների՝ հիշողության ոչնչացումը բավականին դրական երեւույթ է, քանի որ այն կանխում է ուղեղի գերծանրաբեռնվածությունը։