Ամերիկացի հետազոտողները կապ են գտել ճարպակալման եւ A տեսակի գրիպի վիրուսի միջեւ: Պարզվել է, որ ավելորդ քաշով մարդկանց մոտ վիրուս արտադրելու (viral shedding) ժամանակահատվածը 1,5 օր ավել է տեւում:

Ինչպես նշված է Journal of Infectious Diseases-ում հրապարակված հոդվածում, Միչիգանի համալսարանի մասնագետները 2015-2017 թվականներին գրիպի սեզոնի ժամանակ վերլուծել են Նիկարագուայի մայրաքաղաքի 1783 բնակիչների առողջական վիճակը: Մասնավորապես՝ գնահատվել է գրիպի ընթացքը նորմալ քաշով եւ ճարպակալմամբ մարդկանց մոտ: Դրանից բացի, չափել են գրիպով հիվանդների եւ նրանց մերձավորների ջերմությունը եւ քթից ու կոկորդից քսուքի անալիզ են վերցրել:

Պարզվել է, որ A տեսակի գրիպի երկու եւ ավելի ախտանիշներով ավելորդ քաշով անձանց մոտ վիրուսն արտադրվել է 42 տոկոսով ավելի երկար: Վիրուսի արտադրման միջին վիճակագրական ցուցանիշը, երբ հիվանդը կարող է շրջապատողներին վարակել, կազմել է 5,2 օր ընդդեմ նորմալ քաշով մարդկանց մոտ 3,7 օրվա:

Ուշագրավ է, որ նրանց շրջանում, ում մոտ գրիպն առանց ախտանիշների է ընթացել, տարբերությունը կազմել է 104 տոկոս, այսինքն՝ 3,2 օր ընդդեմ 1,6 օրվա: Քաշի եւ վիրուսի արտադրման միջեւ նույնպիսի կախվածություն չի հայտնաբերվել 18-ից փոքր երեխաների եւ B տեսակի գրիպով հիվանդների մոտ:

Հետազոտության մեջ նշվում է, որ ճարպակալումն օրգանիզմում առաջացնում է քրոնիկական բորբոքային պրոցեսներ, ինչը, ենթադրաբար, կարող է ազդել վիրուսի արտադրման տեւողության վրա: