Լավ կեցվածքը կարող է օգնել սթրեսային իրավիճակների հաղթահարմանը, ինչպես նաեւ մաթեմատիկական թեստերի լուծմանը: Այս մասին նշված է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի (San Francisco State University) մասնագետների հետազոտության մեջ:

Փորձի շրջանակում 125 ուսանող պետք է լուծեին մաթեմատիկական ոչ բարդ խնդիր՝ 15 վայրկյանում հաջորդաբար հանեին 843-ից 7-ը: Այս ժամանակահատվածում անհրաժեշտ էր կա՛մ կուզիկանալ, կա՛մ ուղիղ նստել: Արդյունքում ուսանողների 56 տոկոսը հայտնել է, որ հանձնարարությունն ավելի հեշտ է կատարել ուղիղ կեցվածքով:

Ուշագրավ է, որ հետազոտության նախօրեին ուսանողները պետք է անանուն հարցաշար լրացնեին, որում գնահատել են քննություններ հանձնելիս եւ մաթեմատիկայի թեստեր լրացնելիս իրենց անհանգստության մակարդակը: Դրանից բացի, նկարագրվել են սթրեսի ախտանիշները, որոնք զգում են քննության ժամանակ:

Պարզվել է, որ կուզիկությունը եւ վատ կեցվածքը թեստ հանձնելիս ուսանողներին խանգարում են մաթեմատիկական թեստերը լուծելիս: Գիտնականների կարծիքով՝ կուզիկությունը մարմնում եւ ուղեղում կարող է առաջացնել հին բացասական հիշողություններ: Պատահական չէ, որ ուսանողները հայտնել են, որ կուզիկացած նստած վիճակում մաթեմատիկական խնդիրը կատարելը մի քանի անգամ ավելի դժվար էր:

Ստացած տվյալները մարդկանց կարող են օգնել ավելի լավ նախապատրաստվել սթրես առաջացնող գործունեությանը: Հետազոտողների կարծիքով՝ տարբեր մասնագիտությունների մարդկանց՝ մարզիկներին, երաժիշտներին, հռետորներին, ճիշտ կեցվածքը կարող է օգնել ելույթ ունենալուց առաջ եւ դրա ժամանակ: Օգուտ կքաղեն նաեւ նրանք, ովքեր բախվում են, այսպես կոչված, «կարծրատիպային սպառնալիքին»: Նրանք են, օրինակ, վախ եւ անվստահություն զգացող սկսնակ ուսանողները, ինչպես նաեւ իրենց գիտությանը նվիրել որոշած կանայք:

Գիտնականները շեշտում են, որ այն, թե մեզ ինչպես ենք պահում եւ փոխազդեցության մեջ ենք տարածքում, ներգործում է ոչ միայն այն բանի վրա, թե մեզ ինչպես են ընկալում մյուսները, այլ նաեւ մեր ինքնաընկալման վրա: