ԱՄՆ-ից գիտնականները պարզել են, որ FOXP2 գենը, որը կապված է խոսքի եւ լեզուներ սովորելու հետ, Homo Sapiens-ին որեւէ էվոլյուցիոն առավելություն չի տվել: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Cell գիտական ամսագրում:

Ավելի վաղ տարածված կարծիքի համաձայն՝ այս գենը ժամանակակից մարդկանց լեզվական առավելություն է տվել նեանդերթալացիների եւ Homo ցեղի այլ տեսակների նկատմամբ: FOXP2-ը ծածկագրում է տրանսկրիպցիայի ֆակտորը, որը պատասխանատու է մյուս գեների ակտիվության կարգավորման համար, իսկ նրա մեջ կատարվող մուտացիաները կարող են բերել խոսքի եւ լեզվի խանգարման: Մարդու եւ մյուս պրիմատների մոտ այս գենը տարբերվում է 2 ամինաթթուների առկայությամբ, որոնք առաջացել են էվոլյուցիայի ընթացքում:

Գիտնականներն իրենց նոր հետազոտության մեջ վերլուծել են FOXP2-ի տարբեր գենետիկ տարբերակներ՝ օգտագործելով ժամանակակից տվյալների բազաների՝ Human Genome Diversity Panel-ի (HGDP) եւ 1000 Genomes Project-ի գենոմների մասին տեղեկատվությունը:

Արդյունքում նրանք հայտնաբերել են, որ եթե մարդկանց դիտարկեն իրենց ծագումից անկախ, ապա գենի տարբերակներից մեկը առավել տարածված է դառնում, քան մյուսները, սակայն եթե մարդկային ռասաներն առանձին են ուսումնասիրում, ապա տարբերություններ չեն գտնվում:

Գիտնականների կարծիքով՝ սա բացատրվում է այն փաստով, որ Աֆրիկայից մարդկանց միգրացիայի ժամանակ FOXP2-ի որոշ տարբերակներ սկսել են տարածվել Աֆրիկական մայրցամաքի սահմաններից դուրս: Մյուս մայրցամաքներում պոպուլյացիաների աճին համապատասխան այս գենի առանձին ալելներ ավելի ընդարձակ տարածում են ստացել:

Հետազոտողների խոսքով՝ համանման իրավիճակ է դիտվում  նաեւ մարդու գենոմի որոշ հատվածներում: Եթե FOXP2-ը ենթարկվեր բնական ընտրության, ապա այդ դեպքում այն բնակչության տարբեր խմբերի շրջանում նման տեղաբաշխմամբ ԴՆԹ-ի միակ մասը կդառնար: