Ալկոհոլը ոգեւորության հորդում է առաջացնում եւ դրական ազդում ստեղծագործության վրա: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի հոգեբանները՝ Միսիսիպիի համալսարանից Էնդրյու Յարոշի ղեկավարությամբ:

Consciousness and Cognition ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ փորձին ընդգրկել են 21 տարեկանից մեծ 20 ուսանողի: Փորձարկվողներին առաջարկել են խմել օղու հիմքով 3 կոկտեյլ եւ լոռամրգի հյութ, իսկ կես ժամ հետո անցնել հեռավոր ասոցիացիաների որոնման թեստ: Դրա համար նրանք պետք է հանձնարարված 3 բառին ավելացնեին չորրորդը, որը դրանց հետ կապված կլիներ եւ որոշակի ասոցիացիա կառաջացներ:

Ուսանողները պետք է պատասխանեին նման մի շարք հարցերի եւ հնարավորինս ավելի շատ սեփական տարբերակներ առաջարկեին: Պարզվել է, որ սպիրտայինից հետո նրանք 13-20 տոկոսով ավելի շատ գլուխկոտրուկներ են լուծել, քան հսկիչ խմբի սթափ ուսանողները:

Մասնագետների կարծիքով՝ դա կարող է կապված լինել մարդու մոտ ներքին վերահասկողության թուլացման, ինչպես նաեւ ստանդարտ մտածելակերպի իներցիայի հաղթահարման հետ: Սակայն ճշգրիտ հաշվարկ ու ուշադրություն պահանջող խնդիրներ լուծելու դեպքում անթույլատրելի է ալկոհոլի գործածումը:

Հավելենք, որ փորձարկման ընթացքում ալկոհոլի չափաքանակը հաշվարկվել է փորձարկվողի քաշին համապատասխան, եւ 80 կգ քաշով միջինվիճակագրական ուսանողին «բաժին է ընկել» մոտ 70 գրամ օղի: Սպիրտայինի չափաբաժինները բաժանվել են 3 չափաքանակի, որոնք խմել են 10 րոպե ընդմիջումներով:

Առաջին նշանները, որ ուղեղում սկսվում է մտածողության փոփոխության պրոցեսը, գրանցվել է արյան մեջ ալկոհոլի 0,75 պրոմիլ մակարդակի դեպքում: