Ծուլությունն ու ինչ-որ բանել անելու ցանկության բացակայությունը կարող են շատ օգտակար լինել էվոլյուցիոն տեսանկյունից. ծուլությունը կարող է անհատների, օրգանիզմների տեսակների եւ համայնքների գոյատեւման հաջողակ ռազմավարություն լինել: Այս մասին ասվում է University of Kansas-ի գիտնականների նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Royal Society B-ում:

Այսպիսիս եզրակացության կենսաբանները հանգել են՝ ուսումնասիրելով Ատլանտյան օվկիանոսում բնակվող երկփեղկանի եւ փորոտանի կակղամորթերին: Նրանք վերլուծել են կակղամորթերի 299 տեսակի նյութափոխանակությունը, որոնք գոյություն են ունեցել վերջին հինգ միլիոն տարվա ընթացքում, եւ պարզել են, որ նյութափոխանակության պահպանման համար անհրաժեշտ էներգիայի քանակը փոխկապակցված է տեսակների ոչնչացման հավանականության հետ: Սա նշանակում է, որ ամենից առաջ ոչնչանում են այն օրգանիզմները, որոնք նյութափոխանակության բարձր տեմպեր ունեն: Իսկ ահա ծանրաշարժ եւ դանդաղկոտ կենդանիներն ավելի լավ են հարմարեցված գոյատեւելու համար:

Գիտանականները հույս ունեն, որ այս ուսումնասիրության արդյունքները կօգնեն այնպիսի տեսակներ գտնել, որոնք առավել խոցելի են շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով: Գիտնականների կարծիքով՝ նյութափոխանակության արագությունն, իհարկե, միակ գործոն չէ, որն ազդում է գոյատեւման վրա (միայն մի վայրում ապրող արարածները եւս ոչնչանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան նրանք, որոնք կարող են ապրել ցանկացած վայրում), սակայն նյութափոխանակության արագությունը զգալիորեն մեծացնում է ոչնչացման հավանականությունը: