Ամերիկյան գիտնականները կարմիր թխկու տերեւներ նոր օգտակար հատկություններ են բացահայտել: Ռոդ Այլենդի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան քիմիական ընկերակցության համաժողովի ընթացքում:
Հետազոտության ընթացքում գիտնականներն առանձնացրել են ամերիկյան կարմիր թխկու բնական ֆենոլային միացությունները (GCGs) եւ ուսումնասիրել էլաստազի վրա դրանց ազդեցությունը: Հայտնի է, որ մաշկի առաձգականությունն ապահովում են միավորող հյուսվածքի սպիտակուցները, կոլագենն ու էլաստինը: Տարիքի հետ էլաստինը քայքայվում է էլաստազի ֆերմենտի ազդեցությամբ, ինչը հանգեցնում է կնճիռների առաջացման:
Պարզվել է, որ GCGs-ները կարողանում են արդյունավետորեն արգելափակել էլաստազի ակտիվությունը: Այսպիսով, դրանք մաշկը պաշտպանում են կնճիռներից: Բացի այդ՝ դրանք կարող են պայքարել նաեւ մաշկային բորբոքումներիդ դեմ:
Գիտնականների կարծիքով՝ ապագայում կարմիր թխկու տերեւներից էքստրակտը լայնորեն կօգտագործվի որպես «բուսական բոտոքս»՝ կրեմների կամ քսուքների տեսքով:






