Օդի աղտոտվածությունը կրճատում է կյանքի միջին տեւողությունը: Այս մասին ասված է Environmental Science & Technology Letters-ում հրապարակված հետազոտությունում:

Օդում առնվազն 2.5 միկրոմետր՝ PM2.5 չափով փոշու մասնիկները վտանգավոր են մարդու առողջության համար: Մասնագետներն օդի աղտոտվածության հետ են կապում թոքերի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, ինչպես նաեւ վաղաժամ մահը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհի քաղաքային բնակչության 95%-ը չափազանց աղտոտված օդ է շնչում:

Ցույց տալու համար, թե 185 երկրներում PM2.5 աղտոտումն ինչպես է ազդում կյանքի տեւողության վրա, նոր հետազոտության համար օգտագործվել են 2016 թվականի Global Burden of Disease նախագծի վիճակագրական տվյալները, ինչպես նաեւ մահացության ցուցանիշները:

Պարզվել է, որ միջինում PM2.5 օդի աղտոտվածությունը 1.03 տարով նվազեցնում է կյանքի միջին ակնկալվող տեւողությունը: Միաժամանակ, զարգացած երկրների մեծ մասի պարագայում կյանքի տեւողության կրճատումը չի գերազանցել կես տարին:

Առավել տխուր է պատկերը 42 երկրներում, հիմնականում՝ Ասիայում եւ Աֆրիկայում: Այստեղ, ըստ հետազոտողների, PM2.5-ը կյանքի տեւողությունը կրճատում է ավելի քան մեկ տարով: Առավել մտահոգիչ է իրավիճակը Հարավային Ասիայում, որտեղ օդի աղտոտվածությունն ազդում է կյանքի տեւողության եւ մահացության մակարդակի վրա ավելի, քան քաղցկեղի բոլոր տեսակները միասին: