Գիտնականները մտահոգված են ոչ միայն տարեցների շրջանում, այլեւ միջին տարիքի մարդկանց շրջանում ընկնելու խնդրով: Ինչպես նշվում է դուբլինյան TrinityCollege-ի կողմից արված ուսումնասիրության մեջ՝ 40 տարեկանից հետո ընկնելու դեպքերի թիվը կտրուկ աճում է: Դա փորձագետների մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ ընկնելու դեպքերը հղի են լուրջ վնասվածքներով, իսկ որոշ դեպքերում անգամ կարող են հաշմանդամության հանգեցնել:

PLOS ONE ամսագիրը նշում է, որ գիտնականները որպես հիմք են վերցրել TILDA-ի (Ծերացման վերաբերյալ իռլանդական լոնգիտյուդային ուսումնասիրություն) տվյալները 40-64 տարեկան 19207 կնոջ եւ տղամարդու վերաբերյալ: Բացի այդ, նմանատիպ ուսումնասիրություններ են վերլուծվել Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում եւ Նիդեռլանդներում:

Պարզվել է, որ կանանց շրջանում ընկնելու դեպքերի թիվն աճում է 40 տարեկանից սկսած. 40-44 տարեկանում՝ 9 տոկոսով, 45-49 տարեկանում՝ 19 տոկոսով, 50-54 տարեկանում՝  21 տոկոսով, 55-59 տարեկանում՝ 27 տոկոսով, 60-64 տարեկանում՝ 30 տոկոսով: Գիտնականները նշում են, որ հասուն տարիքի յուրաքանչյուր երրորդ մարդն ընկնում է տարին առնվազն մեկ անգամ, եւ 80 տարեկանից բարձր յուրաքանչյուր երկրորդ մարդու համար դա առողջական լուրջ խնդրի է հանգեցնում:

Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսականորեն ֆիզիկական վարժությունները կարող են կրճատել նշված ցուցանիշները 32 տոկոսով, իսկ ռիսկի գործոնների գնահատումը եւ համապատասխան բուժումն ընկնելու դեպքերի թիվը կարող է նվազեցնել 24 տոկոսով: