Հետազոտողները պարզել են, որ ամուսնական զույգերը գենետիկորեն ավելի նման են, քան երկու հակառակ սեռի ներկայացուցիչներ, որոնց պատահաբար ընտրել են փողոցում։

Հավանաբար սա կապված է այն հանգամանքի հետ, որ գենետիկորեն միանման մարդիկ իրար ավելի շատ են համակրում, այլ կերպ ասած «Նմանը նմանին կգտի»,- ասել է Կոլորադոյի համալսարանի գիտաշխատող, հետազոտության գլխավոր հեղինակ Բենջամին Դոմինգոն, հայտնում է Newsmax Health-ը։

«Գեներն են որոշում, թե մենք ում հետ հանդիպենք»,-ասել է Դոմինգոն։ «Օրինակ, գեները կարող են սահմանել, թե Ձեր հասակը կամ քաշը, էթնիկ ծագումը, կրոնը կամ կրթական մակարդակը համապատասխանում է Ձեր զուգընկերոջը, թե ոչ»։

Դոմինգոն եւ իր գործընկերները հետազոտել են 825 սպիտակամորթ հետերոսեքսուալ ամերիկացի ամուսնական զույգի՝ համեմատելով գենետիկական նմանության նրանց 1700000 պոտենցիալ կետերը։

Արդյունքները ցույց են տվել, որ ամուսնական զույգերը գենետիկորեն ավելի նման են միմյանց, քան երկու պատահաբար ընտրված մարդիկ։

Այնուամենայնիվ ամուսնական զույգերի մեջ առկա գենետիկ նմանությունը այնքան մեծ չէ, որքան քրոջ եւ եղբոր միջեւ։