Բրիստոլ համալսարանի գիտնականները վերլուծել են 7-ից 17 տարեկան 300 երեխայի շրջանում 90-ական թվականներին անցկացված ուսումնասիրությունը: Փորձարկման բոլոր մասնակիցները 3 տարեկանում քմահաճ վերաբերմունք ունեին սննդի հարցում: Ստացված տվյալները գիտնականները համեմատել են նույն տարիքի 900 երեխայի տվյալների հետ, ովքեր նման խնդիր չեն ունեցել:

Պարզվել է, որ ուտելիքի հարցում բծախնդրությունը որեւէ կերպ չի ազդել երեխաների առողջության վրա. նրանց միջին հասակը, քաշը եւ մարմնի զանգվածի ինդեքսը կայուն բարձր էին նորմայից:6000 լրացուցիչ անկետայի վերլուծությունը նաեւ ցույց է տալիս, որ 3 տարեկան երեխաների շրջանում սննդի նկատմամբ քմահաճ վերաբերմունքին նպաստում է ծնողների անհանգիստ վերաբերմունքն այս հարցին:

Այդպես, 3 տարեկան երեխաների 50 տոկոսը, որոնց մայրերն անհանգստացել են երեխաների՝ սննդի հարցում բծախնդրության կապակցությամբ, սնվելու ժամանակ քմահաճություն են արել: Այն երեխաների շրջանում, որոնց մայրերը հանգիստ են դրան վերաբերվել, քմահաճ ուտողները ընդամենը 17 տոկոս են կազմել:

Գիտնականները նշում են, որ որպեսզի երեխաները դադարեն քմահաճորեն վերաբերվել սննդին, ծնողները պետք է ավելի հաճախ սնվեն նույն մթերքներով, ինչ երեխաները: Մասնագետները խորհուրդ են տալիս 9 ամսականից սկսած սնունդը կտորներով աստիճանաբար ավելացնել մանկական սննդակարգի մեջ, նոր մթերքներն առաջարկել պարբերաբար եւ առանց ճնշման:

Փորձագետները հավաստիացնում են, որ քմահաճ վերաբերմունքը սննդամթերքի նկատմամբ բացասաբար չի անդրադառնում երեխաների հասակի եւ քաշի վրա: