«Լավ» եւ «վատ» խոլեստերինի մասին շատերն են լսել՝ «վատ»–ի բարձր մակարդակը (ցածր խտության լիպոպրոտեիդներ) շատ վտանգավոր է, իսկ «լավ»–ի բարձր մակարդակը (բարձր խտության լիպոպրոտեիդներ) օգտակար են համարվել առողջության համար։ Սակայն Emory University School of Medicine–ի գիտնականները պարզաբանել են, որ բարձր խտության լիպոպրոտեիդների բարձր մակարդակը նույնպես կարող է վտանգավոր լինել։
Բարձր խտության լիպոպրոտեիդների մոլեկուլները ներգրավված են արյունից խոլեստիրինը երիկամներ տեղափոխելու գործում։ Դրանք նվազեցնում են աթերոսկլերոզի ռիսկը։ Շատ հետազոտություններ նշում են, որ բարձր խտության լիպոպրոտեիդների ցածր մակարդակը կապված է սրտի ու արյունատար անոթների հիվանդությունների հետ։
Այժմ գիտնականները ուսումնասիրել են բարձր խտությամբ լիպոպրոտեիդների մակարդակի եւ սրտային նոպաների կամ մահվան միջեւ կապը համարյա 6000 մարդու օրինակով, որոնց միջին տարիքը եղել է 63 տարեկանը։ Հետազոտվողների մեծամասնության մոտ սրտի հիվանդություն է առկա եղել։ Մարդկանց բաժանել են 5 խմբի՝ ելնելով լիպոպրոտեիդների մակարդակից՝ մեկ դեցիլիտր արյան մեջ 30 միլիգրամից պակաս, 31-40 միլիգրամ, 41-50 միլիգրամ, 51-60 միլիգրամ, կամ 60 միլիգրամ։
Չորս տարվա ընթացքում սրտի նոպան կամ մահացու ելքերը գրանցվել են հետազոտության մասնակիցների 13 տոկոսի մոտ։ Լիպոպրոտեիդների 41-60 կոնցենտրացիայի պարագայում գրանցվել է սրտային նոպայի կամ մահվան ամենացածր վտանգը։ Վտանգն աճել է 41 միլիգրամից ցածրի եւ 60 միլիգրամի բարձրի դեպքում։ Լիպոպրոտեիդների 60 միլիգրամի բարձր մակարդակով մարդկանց մոտ ռիսկը աճել է համարյա 50 տոկոսով՝ մեկ դեցիլիտր արյան մեջ 41-60 միլիգրամ ունեցողների խմբի համեմատությամբ։






