University of Copenhagen-ի գիտնականները որոշել են պարզել, թե ֆիզիկական ծանրաբեռնվածության տարբեր տեսակներ ինչպես են ազդում մարդկանց վրա: Պարզվում է՝ հեծանվամարզասարքի վրա կարդիոմարզումները թույլ են տալիս FGF21 հորմոնի արտադրությունը մեծացնել երեք անգամ ավելի, քան ուժային մարզումները, եւ դա դրական է ազդում նյութափոխանակության վրա:
Մասնագետներն այս եզրահանգումն արել են 10 առողջ տղամարդու մասնակցությամբ փորձի հիման վրա, որոնց բաժանել են երկու խմբի: Երկու խմբերն էլ շաբաթական մեկ անգամ կարդի եւ ուժային վարժություններ են կատարել: Յուրաքանչյուր մարզումը 60 րոպե է տեւել: Կարդիոմարզումը նախատեսել է թթվվածնի առավելագույնս 70% ծանրաբեռնվածությամբ հեծանվամարզասարքի վրա մարզում, իսկ ուժայինը՝ հիմնական մկանային խմբերի 5 վարժություն: Գիտնականները մասնակիցների արյան նմուշներ են վերցրել տարբեր հետազոտությունների համար:
Պարզվել է, որ FGF21 հորմոնի արտադրության զգալի աճ է նկատվել հենց կարդիոմարզումներից հետո: Հայտնի է, որ FGF21-ը փրկում է ճարպակալումից, դիաբետից եւ տարբեր մետաբոլիկ խանգարումներից: Կարդիովարժություններից հետո ավելացել է նաեւ FGF19 հորմոնի արտադրությունը:
Հատկանշական է, որ FGF19-ն աճի գործոն է համարվում, այդ պատճառով գիտնականներն ակնկալում էին, որ դրա արտադրությունը կաճի ուժային մարզումներից հետո: Բայց ամեն ինչ, պարզվում է, այնքան էլ պարզ չէ. ուժային մարզումներից հետո FGF19-ի կենտրոնացումը փոքր-ինչ նվազել է:






