Երկարատեւ հանգիստը փրկում է սրտի եւ արյունատար անոթների հիվանդություններից։ Այսպիսի եզրահանգման են եկել ֆինն գիտնականները, որոնք Մյունխենում անցկացված Եվրոպական սրտաբանական հանրության հերթական վեհաժողովի ժամանակ ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները։

Հետազոտության ժամանակ գիտնականները 50 տարվա ընթացքում հետեւել են Հելսինկիում (Ֆինլանդիա) ապրող մոտ 1.2 հազար ձեռնարկատերի կյանքին։ Կամավորների մի խումբը սովորական կենսաձեւ է վարել, երկրորդը՝ խորհրդատվություն է ստացել առողջ կենսաձեւի վերաբերյալ, ինչպես նաեւ դեղամիջոցներ բարձր ճնշման եւ խոլեստիրինի «վատ» տեսակի դեմ։ Փորձի սկզբում առողջ կենսակերպի կանոններին հետեւելը դրական է ազդել ձեռնարկատերերի առողջության վրա՝ նվազեցնելով սրտի խնդիրների զարգացումը 46 տոկոսով (վերահոսկվող խմբի համեմատությամբ)։

Սակայն հետագայում գիտնականները ուշադրություն են դարձրել փաստին, որ առաջին 30 տարվա դիտարկման ընթացքում 2-րդ խմբի գործարարների շրջանում մահացությունը նկատելիորեն գերազանցել է այդ նույն ցուցանիշը վերահսկվող խմբի մասնակիցների շրջանում։ Դրա հետ մեկտեղ մահացության մակարդակի տարբերությունը շարունակել է աճել դրան հաջորդած տարիներին։ Լրացուցիչ հետազոտություն անցկացնելով՝ գիտնականները պարզել են, որ առողջ կենսակերպ վարող գործարարները իրականում հազվադեպ են հանգստի մեկնել եւ ավելի քիչ են հանգստացել, քան վերահսկվող խմբի գործընկերները։

Որքան բարձր է «աշխատամոլությունը» երկու խմբերիկամավորների մոտ, այնքան ցածր են նրանք միջինից ապրել եւ ավելի հաճախ են մահացել սրտի նոպաներից, ինֆարկտներից եւ սրտի այլ հիվանդություններից։ Այսպես, գործարարները, որոնք տարեկան հանգստացել են առնվազն 3 շաբաթ , մահացել են 37 տոկոսով ավելի հաճախ, քան նրանք, որոնք արձակուրդում են անցկացրել մեկ ամիս։ Մասնագետները շեշտում են, որ աշխատամոլները քիչ են քնել եւ շատ են աշխատել, որի արդյունքում սթրեսի բարձր մակարդակը, փաստացի, զրոյացրել է առողջ կենսակերպի օգուտները։