Հղի կնոջ հոգեկան վիճակը ուղղակիորեն ազդում է երեխայի վրա: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հղիության ժամանակ դեպրեսիան եւ տագնապայնությունը երեխայի ուղեղում փոխում են նեյրոնային կապերը:

Հետազոտության ընթացքում Վիսկոնսինի համալսարանի մասնագետները վերլուծել են 101 կնոջ վիճակը: Նրանց, մասնավորապես, հետաքրքրել է՝ հղիության երրորդ եռամսյակում կանանց մոտ արդյոք եղե՞լ են դեպրեսիայի եւ տագնապայնության ախտանշաններ: Պարզվել է, որ 6 մայրերի մոտ գրանցվել են ծանր դեպրեսիայի նշաններ, 5-ի մոտ՝ չափավոր դեպրեսիայի, 42-ի մոտ՝ թույլ արտահայտված դեպրեսիայի:

Նրանց մեկ ամսական փոքրիկների գլխուղեղի ՄՌՏ սքանավորումը ցույց է տվել, որ առավել հաճախ ուղեղի սպիտակ նյութի փոփոխություններ են գրանցվել նրանց մոտ, ում մայրերը դեպրեսիայով են տառապել: Ուղեղի այս գոտին, մասնավորապես, օգնում է վերահսկել մարմնի շարժումները եւ էմոցիաները:

Դրանից բացի, եթե հղի կինը դեպրեսիայի հետ կապված չի դիմում բժշկի օգնությանը, դա կարող է դառնալ փոքրիկի անբավարար քաշով լույս աշխարհ գալու պատճառ:

Մասնագետների ենթադրությամբ՝ երեխայի մոտ, որոնց մայրերը դեպրեսիայով են տառապել, հետագայում նույնպես կարող են զարգանալ այնպիսի հոգեկան խանգարումներ, ինչպիսին են տագնապայնությունը կամ դեպրեսիան: