Բրիտանացի գիտնականները սկսել են մի լայնամասշտաբ հետազոտություն ամբողջ աշխարհով մեկ՝ պարզելու համար, թե արդյոք կարող են բջջային հեռախոսները եւ այլ անլար սարքերը ազդել երեխայի ուղեղի զարգացման վրա, հայտնում է Newsmax Health-ը։
SCAMP ծրագիրը կոչված է ուսումնասիրել ճանաչողական գործառույթները՝ հիշողությունը եւ ուշադրությունը, որոնք շարունակում են զարգանալ դեռահասության շրջանում. սա հենց այն ժամանակահատվածն է, երբ երեխաները սկսում են օգտվել բջջային հեռախոսներից։
Չնայած ոչ մի համոզիչ ապացույց չկա, որ բջջային հեռախոսների արձակած ռադիոալքները վտանգավոր են առողջության համար, այսօր մեծահասակների շրջանում բազմաթիվ հետազոտություններ են անցկացվում՝ ուղեղի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնը պարզելու համար։
Լոնդոնի Կայսերական քոլեջի առողջության եւ շրջակա միջավայրի պահպանման կենտրոնի տնօրեն Փոլ Էլլիոթը եւ գլխավոր հետազոտող Միրեյ Թոլեդանոն մտադիր են հավաքել մոտ 11-12 տարեկան 2500 երեխա եւ երկու տարիների ընթացքում հետեւել նրանց ճանաչողական ֆունկցիաների զարգացմանը։ Նրանք տվյալներ կհավաքեն, թե որքան հաճախ, ինչու, եւ ինչքան երկար են երեխաները օգտվում բջջային հեռախոսներից, սմարթֆոններից եւ այլ անլար սարքերից։
Ծնողները եւ աշակերտները, ովքեր համաձայնել են մասնակցել հետազոտությանը, կպատասխանեն հեռախոսի եւ այլ անլար տեխնլոգիաների օգտագործման, երեխաների բարօրության եւ ապրելակերպի մասին հարցերին։ Երեխաները նաեւ կանցնեն համակարգչային թեստավորում՝ նրանց ճանաչողական ունակությունները ստուգելու համար։






