Պեկինի Մանկավարժական համալսարանի, Պեկինի համալսարանի եւ Յելի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները կապ են հայտնաբերել օդի աղտոտվածության եւ մարդկանց շրջանում դեմենցիայի տարբեր տեսակների տարածվածության միջեւ՝ ներառյալ Ալցհեյմերի հիվանդությունը:

Հետազոտությանը մասնակցել է 25 հազար մարդ, որոնք բնակվել են Չինաստանի 162 գավառներում: Փորձարկվողները թեստավորում են անցել, որի ընթացքում գնահատվել են նրանց կոգնիտիվ հմտությունները: Կամավորները պետք է լուծեին 24 թվաբանական խնդիրներ եւ պատասխանեին տարբեր մակարդակի բարդության հարցերի: Հարցման ժամանակ մասնակիցները նաեւ ճշգրիտ տեղեկություններ են հայտնել իրենց բնակավայրի մասին: Սա գիտնականներին թույլ է տվել նրանց տան աշխարհագրական տեղադրությունը համեմատել օդի որակի համաթվի հետ, որը որոշվել է ըստ ծծումբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի եւ կոշտ մասնիկների պարունակության:

Պարզվել է, որ որքան օդի աղտոտվածությունը մեծ է, այնքան, ըստ թեստավորման արդյունքների, փորձարկվողների մոտ տարիքին զուգահեռ ուժգին է նվազում գնահատականը: Ընդ որում՝ փոխկապվածությունն ավելի ուժեղ է եղել տարեցների, կրթական ցածր մակարդակով տղամարդկանց եւ կամավորների շրջանում:

Գիտնականների խոսքով՝ ճշգրիտ հայտնի չէ կոգնիտիվ ունակությունների վրա օդի մասնիկների ազդեցության հիմքում ընկած մեխանիզմը: Սակայն հնարավոր է, որ աերոզոլներն ազդում են սպիտակ նյութի վրա, որը պատասխանատու է ուղեղի տարբեր հատվածների միջեւ հաղորդակցության համար:

Ըստ Առողջապահության համաշխարհային  կազմակերպության նոր տվյալների՝ Երկրի ավելի քան 47 մլն բնակիչներ հիվանդ են դեմենցիայով, եւ ամեն տարի տկարամատությամբ հիվանդների թիվը համալրվում է 10 մլն մարդով: Սպասվում է, որ 2050 թվականին ընդհանուր թվաքանակը կեռապատկվի: