Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող հավելումներն անօգուտ են սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար: Այս մասին ասված է The Cochrane Library-ի տվյալների բազայի հիման վրա հրապարակված հետազոտությունում:

Հեղինակները հավաքել են 79 կլինիկական փորձեր, որոնց շրջանակում կամավորները խմբերի են բաժանվում, որոնցից մեկը հետազոտվող միջոցն է ստանում, մյուսը՝ պլացեբո: Գիտափորձերին տարբեր երկրներից 112 հազար մարդ է ներգրավվել:

Կամավորների մի մասը մեկից վեց տարվա ընթացքում մշտապես օմեգա-3 պարունակող հավելումներ են ընդունել կամ մեծ քանակությամբ ճարպաթթուներով հարուստ մթերքներ: Մնացյալները պլացեբո են ստացել կամ հետեւել են սովորական սննդակարգի:

Կլինիկական հետազոտությունների վերլուծությունը ցույց է տվել, որ հավելումների տեսքով մեծ քանակությամբ EPA եւ DHA (օմեգա-3-ի տեսակներ) ընդունելը կամ սննակարգում ծովամթերք ներառելը զգալի դրական ազդեցություն չի ունենում կյանքի տեւողության կամ սրտի հիվանդությունների զարգացման վտանգի նվազման վրա: Նույն պատկերն է եղել նաեւ ALA տեսակի օմեգա-3 պարունակող մթերքների օգտագործման դեպքում (օրինակ՝ ընկույզի):

Այսպիսով, հեղինակների պնդմամբ, օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող հավելումները, ըստ ամենայնի, անօգուտ են սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման կամ բուժման համար: