Գիտնականներն արհեստական ինտելեկտ են ստեղծել, որը ճանաչում է դեպրեսիան: Արհեստական նեյրոնային ցանցն ունակ է դեպրեսիայի նշանները հասկանալ ձայնագրության կամ տեքստի միջոցով: Հատկանշական է, որ ալգորիթմի աշխատանքը կախված չէ զրույցի ենթատեքստից, եւ նեյրոնային ցանցը կարող է հոգեկան խանգարումը բացահայտել նույնիսկ սովորական զրույցից:

Նեյրոնային ցանցին «սովորեցնելու» համար ավելի քան 140 ձայնագրություն, տեսանյութ եւ տեքստ է օգտագործվել տարբեր հոգեկան խանգարումներ ունեցող պացիենտների հետ հարցազրույցներից: Առաջին փուլում հոգեբուժության ոլորտի փորձագետները յուրաքանչյուր հարցազրույցը գնահատել են 0-ից մինչեւ 27 միավորանոց սանդղակով, ընդ որում՝ դեպրեսիայի նշանները գնահատվել են ավելի քան 15 միավոր:

«Ուսուցողական» փուլի ավարտին նեյրոնային ցանցը սկսել է ինքնուրույն միավորներ նշանակել: Ախտորոշման հստակությունը, ի տարբերություն փորձագետների գնահատականների, միջինը 77% է կազմել:

Մշակման հեղինակները հույս ունեն, որ այս տեխնոլոգիան ապագայում կարող է կիրառվել այն մարդկանց պարագայում, ովքեր չեն կարող կամ չեն ցանկանում դիմել բժշկի օգնության: Օրինակ՝ արհեստական ինտելեկտի հիման վրա կարելի է բջջային հավելված ստեղծել, որը կվերլուծի բաժանորդի հաղորդագրություններն ու զրույցները՝ դեպրեսիայի նշանները բացահայտելու նպատակով: