Սերմնահեղուկի դոնոր Քեն Ալլենն ավելի քան քսան տարի անց կարողացել է գտնել իր երեխաներին՝ հարցաթերթիկի մեջ թողած գաղտնի հաղորդագրության շնորհիվ:

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, Մելբուռնի բնակիչ Քեն Ալենն ունի կին, երեք երեխա եւ որդեգրած դուստր՝ Թայվանից: Սակայն նա որոշել էր սերմնահեղուկի դոնոր դառնալ՝ երեխաներ ունենալ չկարողացող մարդկանց օգնելու համար, եւ նրա կինը դեմ չէր: Տղամարդը 90-ականների սկզբին մի քանի ամիս հաճախում էր հիվանդանոց եւ գենետիկական նյութեր հանձնում:

Ալենը գիտեր, որ չի կարողանա կապ հաստատել պոտենցիալ երեխաների հետ, սակայն այդ հույսով ուղերձ էր թողել իր՝ դոնորի հարցաթերթիկի մեջ: Նա մեջբերել էր ֆրանսիացի գրող Անդրե Ժիդին. «Մարդը չի կարող նոր օվկիանոսներ հայտնաբերել, մինչեւ համարձակություն չունենա տեսադաշտից կորցնել ափը» եւ հավելել. «Եթե կարող ես, գտիր ինձ»:

Տարիներ անց նրան զանգահարել էին կլինիկայից եւ ասել, որ նրանից Ավստրալիայում բնակվող 11 կին է երեխա ունեցել: Ալենը շատ էր ուրախացել եւ սկսել էր փնտրել իր երեխաներին: Չորս տարվա ընթացքում 59-ամյա Ալենին հաջողվել էր գտնել իր չորս երեխաներին:.

Ալենը պնդում է, որ ցանկանում է գտնել իր երեխաներին ոչ միայն զգացմունքային պատճառներով, այլեւ՝ նախազգուշացնելու հնարավոր գենետիկ առողջական խնդիրների մասին. նրա մոտ Պարկինսոնի հիվանդության վաղ փուլ են հայտնաբերել: