Գիտնականների կարծիքով՝ էպիլեպսիայի բուժմանը կարող է օգնել փորձարարական ուղեղային իմպլանտատը, որը պատրաստված է ճկուն էլեկտրոնիկայի օգտագործմամբ: Սարքը մշակել են Քեմբրիջի համալսարանի, Փարիզի Լեռնային դպրոցի, Ֆրանսիայի Առողջապահության եւ բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մասնագետները:

Ինչպես հայտնում է Science Advances ամսագիրը, իմպլանտատը բարակ օրգանական թաղանթ է, որի մեջ տեղադրված է նեյրոնների ակտիվացումը կանգնեցնող բնական նեյրոմեդիատոր: Իմպլանտատը սերտաճում է անմիջապես ուղեղի մեջ:

Նեյրոնային ակտիվությանը հետեւում են հատուկ էլեկտրոդները, որոնք սարքին ստիպում են գործել հերթական նոպայի ժամանակ: Դեղամիջոցն  անմիջապես ուղեղ է «հասցվում» նեյրոնային զոնդի միջոցով, որը ներառում է փոքրիկ իոնային պոմպ:

Մկների վրա կատարված փորձերի ընթացքում պարզվել է, որ սարքը կարող է հայտնաբերել, կանգնեցնել, ինչպես նաեւ կանխել էպիլեպտիկ նոպաները: Գիտնականների կարծիքով՝ իմպլանտատի օգտագործման հետեւանքով կողմնակի էֆեկտները պետք է նվազագույն լինեն: Մասնագետների ծրագրերի մեջ է մտնում կրծողների օրգանիզմի վրա իմպլանտատի երկարաժամկետ ազդեցության հետազոտումը: