Լեոնարդո դա Վինչիի հայտնի նկարի՝ «Մոնա Լիզայի» բնորդ կինը, ամենայն հավանականությամբ, հիպոթիրեոզով է տառապել: Այսպիսի եզրահանգում են կատարել նրա արտաքինն ուսումնասիրած բժիշկները:
Համարվում է, որ «Մոնա Լիզայի» մոդելն է եղել Լիզա Գերարդինին՝ իտալացի ազնվականուհի: Նրա ձեռքերին կարելի է նկատել արտահայտված այտուցներ, իսկ մազերը, ըստ ամենայնի, նոսրանում են: Փորձագետները նաեւ նշում են մաշկի դեղին գույնը եւ այսպես կոչված՝ խպիպը (շեղում, որն արտահայտվում է վահանաձեւ գեղձի մեծացմամբ): Ինչպես նշել է Heart & Vascular Center at Brigham and Women's Hospital-ի բժիշկ Մանդիպ Ռ. Մեհրան, այս բոլոր ախտանիշները կարող էին լինել հիպոթիրեոզի արտահայտություն:
Հիպոթիրեոզի ժամանակ վահանաձեւ գեղձը դադարում է բավականաչափ ծավալով առանցքային հորմոններ արտադրել, ինչն անդրադառնում է մարդու օրգանիզմի նյութափոխանակության եւ մի ամբողջ շարք այլ ֆունկցիաների վրա:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ նկարի վրա պատկերված կնոջ մոտ սրտի հիվանդություն է եղել եւ լիպիդային փոխանակության խանգարում: Սակայն հայտնի է, որ Լիզա Գերարդինին ապրել է մինչեւ 63 տարեկան: Իսկ նշված հիվանդություններով դա հազիվ թե հնարավոր լիներ:
Դրանից բացի, հիմքեր կան ենթադրելու, որ Գերարդինին կեցվածք ընդունելուց կարճ ժամանակ առաջ ծննդաբերել էր: Եվ միանգամայն հնարավոր է, որ վահանաձեւ գեղձի բորբոքումը զարգացել է հղիությունից հետո: Բացի այդ՝ այն ժամանակ իտալացիների սննդակարգը զուրկ էր անհրաժեշտ ծավալով յոդից, ինչով կարող է պատճառաբանված լինել խպիպի առկայությունը:






