Անբավարար ֆիզիկական ակտիվությունը սպառնալիք է 1,4 մլրդ մարդու համար: Այսպիսի եզրահանգման են եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները: ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակով ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ դրանց զարգացման ռիսկի գործոնների խնդրով երրորդ խորհրդակցության նախաշեմին համապատասխան հետազոտությունը հրապարակվել է The Lancet Global Health-ում:

Փորձագետների գնահատականներով՝ անբավարար ֆիզիկական ակտիվության հետեւանքով ապագայում 1,4 մլրդ մարդ ենթակա է 2-րդ տիպի շաքարային դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների, դեմենցիայի, հաստ աղիքի քաղցկեղի զարգացման հետ բախվելու վտանգին:

ԱՀԿ հրահանգների համաձայն՝ 18-64 տարեկան մարդիկ պետք է չափավոր ծանրաբեռնվածությանը հատկացնեն շաբաթական 150 րոպեից ոչ պակաս կամ էլ ինտենսիվ ծանրաբեռնվածությանը՝ 75 րոպեից ոչ պակաս:

Հատուկ շեշտվում է, որ աշխարհում մեծահասակ մարդկանց ավելի քան քառորդ մասը վարում է անբավարար ակտիվ կյանք, ըստ որում՝ այս միտումը պահպանվում է: Համապատասխան հետազոտության մեջ ընդգրկվել է 168 երկրներից 18 տարեկանն անց 1,9 մլն մարդ:

Պարզվել է, որ 2001-2016 թվականներին արեւմտյան երկրների, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների բնակիչները ֆիզիկական ակտիվությանը քիչ ժամանակ են հատկացրել: Գիտնականների կարծիքով՝ սա կարելի է բացատրել նստակյաց կենսակերպով եւ ավտոտրանսպորտի օգտագործման աճով: Մինչդեռ ավելի փոքր եկամուտ ունեցող երկրներում մարդիկ աշխատավայրում ֆիզիկապես ավելի շատ են ծանրաբեռնված եւ ավտոտրանսպորտին ավելի քիչ հասանելիություն ունեն: