Սննդի ադյունաբերությունը պետք է վերահսկել այնպես, ինչպես ծխախոտինը, այս կարծիքն են արտահայտել Ճարպակալման դեմ պայքարի Միջազգային ֆեդերացիայի եւ Սպառողների իրավունքների պաշտպանության ֆեդերացիայի փորձագետները։ Երկու կազմակերպությունների մասնագետները կոչ են անում տարբեր պետությունների կառավարություններին պարտադիր կանոններ ներդնել բոլոր սնունդ եւ խմիչք արտադրողների համար։

Այս վերահսկման միջոցներից մեկը տեսողական պատկերավորումներն են, որոնք ներկայացնում են այս կամ այն սննդի՝ առողջության համար վնասակար լինելը, հաղորդում է BBC-ն։

Նոր կանոնները կարող են վերաբերել սննդի մեջ առկա աղի, շաքարի եւ հագեցած ճարպի քանակի նվազեցմանը։ Ինչպես նաեւ պետք է բարելավել դպրոցներում եւ հիվանդանոցներում սննդի մատակարարման որակը։ Մոտակա հինգ տարիների ընթացքում  սննդի եւ ընմպելիքների մեջ արհեստական տրանսճարպերի օգտագործումը պետք է արգելվի։

Մյուս առաջարկություններից են անառողջ սննդի գովազդների (հատկապես մանկական ծրագրերի ընթացքում) կարգավորումը, վնասակար սննդի գնային քաղաքականության վերանայումը, նման մթերքների վրա հարկերի ներդրումը եւ այլն։

 «Մենք ցանկանում ենք խուսափել 1960-ականներին ստեղծված իրավիճակից, երբ ծխախոտ արտադրող ընկերությունները պնդում էին, որ ծխախոտը վնասակար չէ, իսկ 30-40 տարի հետո միլիոնավոր մարդիկ ծխելու պատճառով մահացան»,-հայտարարել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային  ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Ափչերչը։

 «Նրանց առաջարկությունները խելամիտ եւ գործնականում կիրառելի են։ Սակայն ծխախոտի եւ սննդի արդյունաբերության միջեւ տարբերությունն այն է, որ ծխախոտը ապրելու համար պարտադիր պայման չէ, իսկ առանց սննդի մենք չենք կարող գոյատեւել»,-նշել է  Գիրության դեմ պայքարի բրիտանական ֆորումի հիմնադիր, դոկտոր Իեն Կեմպբելլը։

«Անհերքելի է, որ ճարպակալման պատճառով հազարավոր մարդիկ են մահանում եւ միայն կառավարությունների նպատակաուղղված գործունեությունը կարող է նվազեցնել ավելորդ քաշի պատճառով մահացությունների թիվը»,- ընդգծել է Կեմպբելլը։

Ըստ մասնագետների ճարպակալման պատճառով մահացածների թիվը ավելացել է. 2,6 միլիոնից (2005թ) հասնելով  3,4 միլիոնի (2010թ):