Գիտնականները պարզել են, որ ուղեղի աշխատանքը կախված է տարվա եղանակից:

Տորոնտոյի համալսարանի, Ռաշ համալսարանի Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման կենտրոնի եւ Փարիզի Դիդրո համալսարանի Կոգնիտիվ նեւրոլոգիայի կենտրոնի մասնագետները վերլուծել են ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ֆրանսիայից 70-ն անց 3500 մարդկանց տվյալները: Կամավորներից ոմանք տառապում էին Ալցհեյմերի հիվանդությամբ:

Պարզվել է, որ ամենից լավ ուղեղն աշխատում է ամռան վերջին եւ աշնան սկզբին, իսկ ավելի վատ՝ ձմռանը եւ գարնանը: Ուշագրավ է, որ «դեմենցիա» կամ «չափավոր կոգնիտիվ խանգարում» ախտորոշում կատարելու հավանականությունը ցուրտ եղանակին 31 տոկոսով ավելի բարձր է, քան տաք եղանակին:

Գիտնականները սա կապում են որոշ գործոնների հետ, որոնք ազդում են հորմոնալ մակարդակների եւ արյան մեջ D վիտամինի խտության վրա: Օրինակ՝ ամռանը եւ աշնանը ջերմության եւ լուսավորվածության բարձր մակարդակի համադրությունը ուղեղի համար օգտակար է: Դրանից բացի, տաք եղանակին մարդիկ ավելի լավ են քնում եւ ավելի շատ են մրգեր ու բանջարեղեն օգտագործում:

Որոշակի դեր կարող են ունենալ նաեւ հոգեկան վիճակների սեզոնային փոփոխությունները: