Գիտնականները գրիպի վիրուսի դեմ յուրահատուկ միջոց են մշակել՝ բալոկսավիր-մարբոկսիլ աշխատանքային անվանմամբ: Ինչպես հայտնում է High-News.ru-ն, կլինիկական փորձարկումների ժամանակ պատրաստուկը ներգործել է նույնիսկ վիրուսի կայուն շտամների վրա:
ԱՄՆ եւ Ճապոնիայի տարածքում արդեն ավարտվել է պատրաստուկի կլինիկական փորձարկման առաջին փուլը: Բալոկսավիր-մարբոկսիլը թեստավորվել է գրիպի ոչ բարդ տեսակի դեպքում, ընդ որում՝ արդյունքը նման էր օզելտամիվիրի ընդունման հնգօրյա կուրսին: Գրիպի ախտանիշները միջինը պահպանվել են 23,4-28,2 ժամ (առանձին դեպքերում՝ 48 ժամ):
Մշակողների զեկույցում հաղորդվում է, որ պատրաստուկն արդյունավետորեն է հաղթահարում A եւ B տեսակի գրիպի վիրուսները, սակայն հնարավոր է, որ այն ազդի նաեւ վիրուսների ռեզիստենտ տեսակների վրա: Գիտնականների խոսքով՝ բալոկսավիր-մարբոկսիլի ընդունումից հետո հիվանդների մոտ չեն գրանցվել զգալի կողմնակի էֆեկտներ:
Մասնագետներն ակնկալում են, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ պատրաստուկը կստանա ԱՄՆ տարածքում կիրառելու թույլտվություն:






