Կարճատեւ մարզումները ուղեղի աշխատանքը լավացնում են: Ինչպես հայտնում է Xinhua-ն, նման եզրակացության են հանգել Քալիֆորնիայի եւ Ցուկուբայի համալսարանների մասնագետները:
Հետազոտությանը մասնակցել են 36 երիտասարդ կամավորներ, որոնք ամեն օր պետք է 10 րոպե տրամադրեին թեթեւ մարզմանը: Դրանից հետո փորձարկվողներն անցել են հիշողության ստուգման թեստ. նրանց նկարներ են ցույց տվել, որոնք անհրաժեշտ էր մտապահել: Համանման թեստ է անցել նաեւ հսկիչ խումբը, որը մարզումներին չի մասնակցել:
Փորձի շրջանակում սքանավորվել է հետազոտության որոշ մասնակիցների ուղեղը: Արդյունքում՝ մարզումներ անցած անձանց մոտ հայտնաբերվել է ուղեղի գոտիների միջեւ չափազանց մեծ հաղորդակցություն, որոնք կապված են հիշողությունների պահպանման եւ վերարտադրման հետ:
Այսպիսով, գիտնականների կարծիքով՝ յոգայի, ոտքով զբոսանքի կամ Թայ Չի մարմնամարզության ընդամենը 10 րոպեն կարող է հիշողությունը լավացնել:






