Գիտնականները գեներ են հայտնաբերել, որոնք «պատասխանատու» են մեջքի քրոնիկական ցավի համար: Հետազոտությունն անցկացրել են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տարբեր գիտական կենտրոնների գիտնականները՝ Վաշինգթոն նահանգի համալսարանից Փրադիփ Սուրիի ղեկավարությամբ:
Ինչպես հայտնում է PLOS Genetics ամսագիրը, հետազոտության շրջանակում անցկացվել է եվրոպական ծագմամբ 158 հազար մարդու նմուշների գենետիկ անալիզ, որոնցից 29 հազարը տառապել է մեջքի քրոնիկական ցավերով: Արդյունքում՝ մասնագետները կարողացել են առանձնացնել երեք գենետիկ տարբերակ, որոնք կապ են ունեցել մեջքի քրոնիկական ցավի հետ:
Պարզվել է, որ այս տկարության զարգացման առավել մեծ վտանգ կա SOX5 գենում մուտացիաներ կրողների մոտ, որը ներգրավված է սաղմնային զարգացման գործնականում բոլոր փուլերում: Այս եզրահանգումը հաստատվել է եւս 280 հազար մարդկանց գենետիկ նյութի անալիզի հիման վրա, որոնցից 50 հազարը տառապել է մեջքի քրոնիկական ցավերով:
Եվս երկու գեն՝ CCDC26/GSDMC-ը եւ DCC-ն, կարեւոր դեր են խաղում ողնաշարի զարգացման մեջ: Դրանցից առաջինում մուտացիան մեծացնում է միջողային սկավառակի ճողվածքի հավանականությունը, իսկ երկրորդում՝ ողնուղեղի ձեւավորման խանգարումների:
Գիտնականների ենթադրությամբ՝ քրոնիկական ցավի պատճառները փոխկապված են պերիֆերիկ կառույցների հետ (ողնաշար եւ ողնուղեղ): Սա հաստատելու համար մասնագետները նոր ծավալուն գենետիկ հետազոտություններ անցկացնելու հույս ունեն:






