Միայնակ մարդիկ հիվանդանալիս ավելի շատ են հակված վատ ինքնազգացողությունից գանգատվելուն: Այսպիսի եզրահանգում են կատարել ամերիկացի գիտնականները, հայտնում է Health Psychology ամսագիրը:
Համապատասխան փորձարկմանը մասնակցել է 18-55 տարեկան շուրջ 160 մարդ: Կամավորներին վարակել են ռինովիրուսով, որը մրսածություն է առաջացնում: Այնուհետեւ փորձարկվողները մի քանի օր անցկացնելու էին հիվանդանոցում՝ մասնագետների ակնդետ հսկողության ներքո:
Պարզվել է, որ միայնակությունն իսկապես ազդում է այն երեւույթի վրա, թե մարդն իր հիվանդությունն ինչպես է ընկալում: Այսպես, ի տարբերություն փորձարկման այլ մասնակիցների՝ միայնակ մարդիկ ավելի հաճախ են գանգատվել վատ ինքնազգացողությունից, ընդ որում՝ գույները փոքր-ինչ խտացնելով:
Միայնակ հիվանդները շարունակել են գանգատվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանց բժշկական ցուցանիշները դեպի վատը չեն փոխվել:






