Սթրեսի վիճակում մարդը սոխի եւ վայրի սխտորի հոտով է բուրում: Այս մասին են վկայում ճապոնական խոշոր կոսմետիկական Shiseido ընկերության կատարած հետազոտությունները:
Ինչպես փոխանցում է NHK հեռուստաալիքը, մաշկը հենց սոխի ու սխտորի հոտեր է արձակում, երբ մարդն անսպասելի հայտնվում է նյարդային լարվածության վիճակում: Համապատասխան փորձարկումները, 20-ից մինչեւ 70 տարեկան 500 կամավորների մասնակցությամբ, անցկացվել են 4 տարի:
Փորձարկվողներին ստիպել են կատարել դժվար եւ անսպասելի հանձնարարություններ, որոնք սթրեսային իրավիճակներ են ստեղծել: Նյարդային լարվածությունը որքան բարձր էր, այնքան մարդկային մաշկն ինտենսիվորեն էր արտադրում յուրահատուկ բույրով գազը, որը Shiseido-ի փորձագետները կնքել են «սթրեսի բույր» անունով:
Հետազոտողները նշում են, որ «սթրեսի բույրը» հատուկ է բոլոր մարդկանց: Ուշագրավ է, որ այն ազդում է նաեւ շրջապատողների վրա՝ նրանց մոտ առաջացնելով հոգնածության զգացում:
Shiseido-ն ծրագրում է կոսմետիկական միջոցներ ստեղծել, որոնք կկարողանան ճնշել «սթրեսի բույրը»:






