35-ից մեծ տարիքում հղիությունը եւ ծննդաբերությունը կնոջը սպառնում են սիրտ-անոթային համակարգի խնդիրների զարգացմամբ: Այսպիսի եզրահանգում են կատարել Ալբերտի համալսարանի մասնագետները:

Գիտնականների կարծիքով՝ 35 տարեկանից հետո ծննդաբերող կանայք ավելի շատ են ենթակա սրտի կամ գլխուղեղի կաթվածի, ընդ որում՝ անկախ այն հանգամանքից, թե ծննդաբերությունն ինչպես է ընթացել՝ թեթեւ, թե ծանր: Նշվում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանականություն է դիտվում նաեւ նրանց երեխաների մոտ, հատկապես տղաների:

Փորձարկման համար ընտրել են 9,5-ամսականից մեծ տարիքի առնետներ, ինչը համարժեք է մարդու 35 տարեկանին: Կենդանիների էգերին խմբերի են բաժանել՝ հղիացած եւ ծննդաբերած, չծննդաբերած, ինչպես նաեւ վիժում ունեցած: Պարզվել է, որ սերունդ թողած, նաեւ վիժում ունեցած կրծողների մոտ անոթների հյուսվածքներն ավելի կարծր էին, քան չծննդաբերածներինը:

Ընդ որում՝ փորձարարական էգերի սերունդի մոտ (հիմնականում արական սեռի կրծողների մոտ) դիտվել է  արյունատար անոթների վիճակի խախտում, ինչն առաջացրել է էնդոթելերի վատթարացում եւ արյան շրջանառության մեջ բացասական փոփոխություններ:

Գիտնականները սա պայմանավորում են այն հանգամանքով, որ ուշ հղիությունը սահմանափակում է մոր արգանդում պտղի զարգացման հնարավորությունը, բերում ընկերքի քաշի մեծացման, արյան ճնշման բարձրացման: Այս ամենը միասին սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը մեծացնում է ինչպես մայրերի, այնպես էլ հասուն տարիքում նրանց երեխաների մոտ: