Սովորական 1-ին տիպի հերպեսի վիրուսը (HSV1) կարող է Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգի գործոն լինել, պնդում է Մանչեսթերի համալսարանից պրոֆեսոր Ռութ Իցխակին: Նա այս թեմայով իր վերջին հետազոտությունները հրապարակել է Frontiers in Aging Neuroscience ամսագրում:

Ռութ Իցխակին արդեն 25 տարի զբաղվում է դեմենցիայի եւ վիրուսի փոխկապվածության հարցերով: Նա վերջերս ներկայացրել է Թայվանում հավաքած տվյալները: Պարզվել է, որ HSV1-ով վարակված մարդկանց մոտ ծերունական տկարամտության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Պարզվել է նաեւ, որ հակավիրուսային թերապիան թույլ է տալիս վարակվածների մոտ համապատասխան վտանգը զգալիորեն նվազեցնել:

Հավաքել էին 50 տարեկանից մեծ եւ հերպեսի վիրուսով ավելի քան 8 հազար մարդու տվյալներ: Ստուգիչ խմբում ընդգրկված էր շուրջ 25 հազար մարդ, որոնց մոտ վարակման նշաններ չկային: 10 տարվա դիտարկումների արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման հավանականությունը 2,5 անգամ բարձր է: Սակայն հակավիրուսային միջոցների օգտագործումը այդ հավանականությունը 10 անգամ նվազեցրել է: