Հանրահայտ հոգեմետ դեղամիջոցները, որոնք նշանակվում են դելիրիումի (ցնորքի) դեպքում, ավելի արդյունավետ չեն, քան պլացեբոն։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրահանգման են եկել Վանդերբիլդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները։

Դելիրիումը հոգեկան խանգարում է, որն ուղեկցվում է գիտակցության խանգարումներով (մթագնումներից մինչեւ կոմա)։ Բնորոշվում է հալյուցինացիաներով և իլյուզիաներով, շրջակա միջավայրում կողմնորոշման դժվարություններով, ժամանակի ապակողմնորոշմամբ։

Միլիոնավոր ամերիկացիներ դելիրումի ժամանակ ստացել են որոշակի հոգեմետ դեղամիջոցներ, ընդ որում՝ նման բուժումը տասնամյակներով էր կիրառվում։ Համալսարանի գիտնականները թեստավորել են առավել հաճախ նշանակվող երկու դեղամիջոցները՝ գալոպերիդոլը եւ զիպրասիդոնը եւ պարզել են, որ դրանք հիվանդների առողջության վերականգնման գործում ոչ մի դեր չեն խաղում:

Ընդհանուր առմամբ, հավաքվել է ԱՄՆ ամբողջ տարածքի բժշկական կենտրոններից 21 հազար հիվանդների տվյալներ: Նրանց երեք խմբի են բաժանել պատահականության սկզբունքով. մի խումբը ստացել է գալոպերիդոլ, մյուսը՝ զիպրասիդոն, իսկ երրորդը՝ պլացեբո: Ստացած արդյունքներում բոլոր ցուցանիշներով զգալի տարբերություններ չեն եղել:

Հոգեմետ դեղամիջոցները նվազեցնում են նյարդային ազդակների փոխանցումը ուղեղի այն համակարգեր, որտեղ նյարդային ազդակները վերահաղորդում է դոֆամինը: Հետազոտության հեղինակները, մինչդեռ, կարծում են, որ դելիրիումի դեպքում համանման նեյրոմեդիատորները նման կենտրոնական դերակատարում չունեն: Սրա հետ կապված՝ տալիս են դելիրիումի բուժման բարելավման խորհուրդներ: