Ամերիկացի գիտնականները գենետիկ վարիացիաներով կյանքի տեւողությունը գնահատելու հետաքրքիր մեթոդ են մշակել: Նրանց հետազոտության արդյունքները ներկայացվել են Սան Դիեգոյում Մարդու գենետիկայի ամերիկյան միության (American Society of Human Genetics (ASHG) 2018 Annual Meeting) ամենամյա ժողովի ժամանակ:
Գիտնականները վերլուծել են UK Biobank-ի երկարատեւ հետազոտության ընթացքում հավաքված 500 հազար մարդու գենետիկ տվյալները եւ պարզել են կյանքի տեւողության համար պատասխանատու գենոմի հատվածներն ու տարիքային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Նրանց հաջողվել է հաստատել գեների եւ երկարակեցության միջեւ ավելի վաղ հայտնաբերված 6 զուգորդությունները, այդ թվում APOE գենը, որը կոդավորում է ալիպոպրոտեինի սպիտակուցային բաղադրիչը եւ կապված է Ալցհեյմերի հիվանդության հավանականության հետ: Հետազոտողները հայտնաբերել են նաեւ ավելի վաղ անհայտ 21 հատվածներ, որոնք ազդում են կյանքի տեւողության վրա:
Հիմնվելով ստացված տվյալների վրա՝ գիտնականները կարողացել են յուրաքանչյուր մարդուն անհատականացված միավոր տալ, որը գնահատում է որոշակի տարիքին հասնելու հավանականությունը:
Ըստ գիտնականների՝ մարդկանց մոտ 10 տոկոսն ունի երկարակեցությանը նպաստող գեներ: Այս մասնակիցները 5 տարով ավելի երկար կապրեն նրանցից, ում ԴՆԹ-ն ընդհակառակը՝ նպաստում է կյանքի տեւողության կրճատմանը:






