Օստեոկալցին հորմոնը, որն արտադրում են ոսկրային հյուսվածքի բջիջները, նպաստում է ծերացող ուղեղում հիշողության բարելավմանը: Այս մասին հայտնում են Կոլումբիայի համալսարանի գիտնականները՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Էրիկ Քանդելի ղեկավարությամբ:
Նախորդ հետազոտություններում գիտնականները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժություններն ազատում են RbAp48 սպիտակուցը, որը խոչընդոտում է ծերունական տկարամտության զարգացմանը: Այն մասնակցում է քրոմատինի ձեւավորմանը՝ ԴՆԹ, ՌՆԹ եւ այլ տարբեր սպիտակուցների համալիր: Մկների՝ միացությունը կոդավորող գենի ճնշումը բերում է երիտասարդ կրծողների կոգնիտիվ ունակությունների վատթարացման, ինչպիսին դիտվում է ծեր կենդանիների մոտ:
Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Cell Reports ամսագրում, գիտնականները ցույց են տվել, որ RbAp48-ը փոխազդում է օստեոկալցինի հետ: Այս սպիտակուցը վերահսկում է գեների ակտիվությունը, որոնք կոդավորում են ուղեղի BDNF նեյրոտրոֆիկ գործոնը եւ GPR158 սպիտակուցային ռեցեպտորը: Հիշողության համար կարեւոր այս միացությունների աշխատանքն, իր հերթին, կախված է օստեոկալցինից:
Հետազոտողները նշում են, որ նույնիսկ փոքր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ՝ քայլելը, օգնում է ազատել օստեոկալցինը եւ RbAp48 սպիտակուցը, ինչը զգալիորեն նվազեցնում է ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը:






