Մոր ձայնն ավելի արդյունավետորեն է նախազգուշացնում վտանգի մասին, քան ծխի ազդանշանային համակարգը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտությունը:

Հետազոտության մեջ ընդգրկվել են 5-ից մինչեւ 12 տարեկան 176 երեխաներ: Փորձի նպատակն էր պարզել, թե վտանգի դեպքում քնած երեխաները որքան արագ են արձագանքում ծխի ազդանշանային համակարգին եւ ձայնագրված մոր ձայնին:

Կամավորների քնի վիճակը վերահսկվել է էլեկտրաէնցեֆալոգրով: Հենց երեխաները անցնում էին խորը քնի փուլ, միացվում էր տագնապի ազդանշանը կամ մոր ձայնային հրահանգը, որը նաեւ երեխայի անունն էր տալիս:

Պարզվել է, որ տագնապի ազդանշանի դեպքում երեխաներն արթնացել են 50 տոկոս դեպքերում, իսկ սենյակը լքելու համար նրանց հարկավոր է եղել միջինը 5 րոպե: Մինչդեռ մոր ձայնն արթնացրել է կամավորներից շուրջ 90 տոկոսին, ըստ որում՝ սենյակից դուրս գալու համար բավականացրել է 30 վայրկյանը:

Հիմա հետազոտողները պետք է պարզեն՝ երեխան նույնկե՞րպ կարձագանքի ցանկացած այլ ձայնի: Սա նրանց կօգնի տարբեր տարիքային խմբերի երեխաների համար արդյունավետ զարթուցիչ ստեղծել: