Նյու Յորքում աուտիզմով աղջիկը հարսնացուին շփոթել է Մոխրոտիկի հետ: Այս պատմությունը տեղի է ունեցել Էյքրոն Ֆոլս այգում՝ հարսանեկան ֆոտոշարք լուսանկարելիս, հայտնում է New York Post-ը:
Նորապսակներ Օլիվիա եւ Քալեբ Սփարքները լուսանկարչի առջեւ կեցվածք էին ընդունում, երբ ոչ հեռվում զբոսնող 5-ամյա Լեյլան, որը աուտիզմով է տառապում, տեսել է սպիտակ զգեստով հարսնացուին: Թեւերը լայն բացած՝ նա վազել է Օլիվիայի մոտ եւ նրան Մոխրոտիկ անվանել: Հարսնացուի ընկերուհիները եւս արժանացել են հեքիաթային հերոսուհիների «կոչումների»՝ Արիել եւ Բելլ:
«Մոխրոտիկի» եւ փոքրիկ ամերիկուհու հուզիչ հանդիպումը գրանցվել է լուսա- եւ տեսանկարահանման ժամանակ: Լեյլայի մոր խոսքով՝ Օլիվիան աղջկա հետ իրեն պահում էր ինչպես իսկական արքայադուստր: Հրաժեշտ տալիս Լեյլան «Մոխրոտիկին» մաղթել է պարահանդեսի ժամանակ լավ ուրախանալ:
Ուշագրավ է, որ պատմության հանրահայտ դառնալուց հետո Օլիվիան եւ Լեյլան նորից են հանդիպել: Մտավախություն կար, որ աղջիկը նրան չի ճանաչի առանց հարսանեկան զգեստի, սակայն Լեյլան նրան հիշել է. «Մոխրոտիկն այստե՜ղ է»: Արդյունքում նրանք նոր ֆոտոշարք են կազմակերպել՝ այս անգամ դդմի տեսքով հեքիաթային կառքում:








