ACE ինհիբիտորները, որոնք նշանակվում են զարկերակային հիպերտոնիայի բուժման ժամանակ, զգալիորեն մեծացնում են թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է BMJ-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

ACE ինհիբիտորներին են դասվում, մասնավորապես, էնալապրիլը, պերինդոպրիլը եւ ռամիպրիլը, ընդ որում՝ այդ դեղամիջոցներն աշխարհում ստանում են միլիոնավոր հիվանդներ:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են գրեթե մեկ միլիոն մարդու տվյալները: Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր 10 տարուց ավելի ACE ինհիբիտորներ են ընդունում, թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը 31 տոկոսով մեծանում է նրանց համեմատությամբ, ովքեր հիպերտոնիայի դեմ այլ դեղեր են ստանում: Հինգ տարի շարունակ ACE ինհիբիտորների ընդունումը թոքերի քաղցկեղի հավանականությունը 22 տոկոսով է մեծացնում:

Գիտնականները նշում են, որ նման վտանգի հետ անհնար է հաշվի չնստել՝ հատկապես հաշվի առնելով այս դեղամիջոցներն ընդունող մարդկանց թիվը: