Բարձրահասակ մարդիկ մյուսներից ավելի հաճախ են ենթակա քաղցկեղով հիվանդանալու վտանգին, նշված է Proceedings of the Royal Society B-ում հրապարակված ամերիկացի հետազոտողների նոր հետազոտության մեջ:

Հետազոտության ընթացքում գիտնականները համեմատել են քաղցկեղի զարգացման ընդհանուր հավանականությունը եւ այն վերլուծել մարդու հասակը հաշվի առնելով: Տվյալները վերցվել են Կորեայում, Նորվեգիայում, Շվեդիայում եւ Ավստրիայում անցկացված նախորդ հետազոտություններից: Պարզվել է, որ կանանց մոտ քաղցկեղի զարգացման լրացուցիչ հավանականությունը կազմում է 13 տոկոս՝ միջին ցուցանիշը գերազանցող հասակի յուրաքանչյուր 10 սանտիմետրին: Տղամարդկանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականության կանխատեսվող աճը կազմում է 11 տոկոս՝ հասակի յուրաքանչյուր 10 սանտիմետրին:

Բարձր հասակը կապված էր 23 քաղցկեղային հիվանդություններից 18-ի հետ, որոնք դիտարկվել են հետազոտության շրջանակում: Կանանց շրջանում բարձր հասակի հետ կապված քաղցկեղի առավել տարածված տեսակներն են վահանաձեւ գեղձի չարորակ ուռուցքները, մաշկի, հաստ աղիի, ձվարանների, երիկամների քաղցկեղը, լեղուղիների եւ կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները: Դրանից բացի, բարձր հասակի հետ է կապված նաեւ մելանոմայի զարգացման վտանգը:

Մինչդեռ, հասակի եւ քաղցկեղով հիվանդացության փոխկապվածությունը բացակայել է կերակրափողի, ստամոքսի, բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում տղամարդկանց մոտ եւ արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում կանանց մոտ:

Հետազոտության առաջատար հեղինակ, University of California-ի պրոֆեսոր Լեոնարդ Նանին նշում է, որ այն ժամանակահատվածում, երբ ընթանում է զիգոտից մինչեւ հասուն մարդ զարգացման փուլը, բջիջների ներսում մուտացիաներ են կուտակվում: Այս մուտացիաներն այնուհետեւ շարունակվում են ամբողջ կյանքի ընթացքում, եւ դրանց բացասական բնույթի դեպքում կարող է զարգանալ քաղցկեղը: Քանի որ բարձրահասակ մարդիկ ավելի շատ բջիջներ ունեն, ապա բջջային տրոհումների քանակությունն էլ նրանց մոտ ավելի մեծ է, ինչը կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը: