Հերպեսի վիրուսը մարդու ուղեղին երկարաժամկետ վնաս է հասցնում: Այս մասին հայտնում է ВВС-ն՝ վկայակոչելով Մանչեսթերի համալսարանի մոլեկուլյար նեյրոկենսաբանության պատվավոր պրոֆեսոր Ռութ Իցխակիի հոդվածը, որը հրապարակվել է Conversation-ում:
ՀՍՎ-1-ը, այսինքն՝ 1-ին տիպի հերպեսի սովորական վիրուս-ը վաղուց է հայտնի: Երեխաների մեծամասնությունը դրանով վարակվում է վաղ մանկական տարիներին, այնուհետեւ այն գերակայող է դառնում ծայրամասային նյարդային համակարգում: Ժամանակ առ ժամանակ, երբ մարդը սթրեսային վիճակ է ապրում, վիրուսն ակտիվանում է եւ արտահայտվում շրթունքների վրա:
ՀՍՎ-1-ը թափանցում է տարեց մարդկանց ուղեղ՝ կախված տարիքին զուգահեռ իմունային համակարգի թուլացումից:
Գիտնականները 1991 թվականին հայտնաբերել են, որ տարեցներից շատերի մոտ ՀՍՎ-1-ն առկա է նաեւ գլխուղեղում: Իսկ 1997 թվականին նրանց հաջողվել է ցույց տալ, որ առաջանում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման լուրջ վտանգ, եթե վիրուսն առկա է APOE4 գենոմով օժտված մարդկանց ուղեղում:
Վիրուսը կարող է ուղեղում ակտիվանալ, ընդ որում՝ մի քանի անգամ, եւ վնասվածքներն, ամենայն հավանականությամբ, ունեն կումուլյատիվ, կուտակային բնույթ:
Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը 12 անգամ բարձր է նրանց շրջանում, ովքեր ունեն APOE4 գենը եւ ուղեղում ՍՀՎ-1-ի կրող են, քան նրանց շրջանում, ովքեր թե մեկը, թե մյուսը չունեն: Բջջային կուլտուրաների վարակումը ՍՀՎ-1 վիրուսով դառնում է բետա-ամիլոիդների եւ ատիպիկ տաու-պրոտեինների կուտակման պատճառ: Ուղեղում այս սպիտակուցների կուտակումը հատուկ է Ալցհեյմերի հիվանդությանը:
Սթրեսի փուլերը կարող են հերպեսի վիրուսն ակտիվացնել, եւ սա երբեմն մարդու ուղեղի համար հեռուն գնացող հետեւանքներ ունի: Իցխակիի կարծիքով՝ ՍՀՎ-1-ը Ալցհեյմերի հիվանդությանը նպաստող գլխավոր գործոնն է: Այն տարեց մարդկանց ուղեղ է թափանցում՝ կախված տարիքին զուգահեռ նրանց իմունային համակարգի թուլացման աստիճանից:
Ստացած տվյալների հիման վրա ենթադրում են, որ Ալցհեյմերի հիվանդության բուժման համար կարելի է օգտագործել հակավիրուսային դեղամիջոցներ: Հնարավոր է՝ ապագայում նույնիսկ հնարավոր կլինի երեխաներին պատվաստել Ալցհեյմերի դեմ, կարծում է Իցխակին:






