Հինգ տարեկան աղջիկը 14 ժամ տեւած վիրահատության կարիք է ունեցել դեմքին առաջացած ուռուցքի հեռացման համար: The Daily Mail-ը հայտնում է, որ Չիլիից Իգնացիա Սինմարտինի մոտ առաջացել էր բարորակ ուռուցք, որը տարածվել էր այտերի եւ կզակի վրա: Մեծ չափի նորագոյացության հետեւանքով աղջկա կյանքը վտանգի էր ենթարկված, քանի որ ուռուցքը ճնշում էր գործադրում շնչափողի վրա:

Բժիշկների կանխատեսումներով՝ ուռուցքը, որը կազմված էր մանր կիստաներից, դեռ կարող է «վերադառնալ», ինչի հետ կապված աղջիկը պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ:

Լիմֆանգիոման բարորակ ուռուցք է, որը հաճախ առաջանում է ներարգանդային զարգացման փուլում: Դրա բջիջները ծագում են լիմֆատիկ անոթների պատերից: Այս ուռուցքները երեխաների մոտ բոլոր բարորակ նորագոյացությունների 10-12 տոկոսն են կազմում:

Իգնացիայի մայրը հղիության 3-րդ ամսում էր, երբ բժիշկները ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հայտնաբերել են պտղի զարգացման խնդիրը: Ծնողների եւ իր աղջկա համար դժվար էր լսել Իգնացիային ուղղված մեկնաբանությունները. ոմանք նրան հրեշ եւ այլանդակ էին անվանում:

Ուռուցքի հեռացման վիրահատության շնորհիվ աղջկա կյանքին ոչինչ չի սպառնում: Բժիշկները հույս ունեն, որ եթե նույնիսկ լիմֆանգիոման վերադառնա էլ, ապա ուռուցքի չափերը փոքր կլինեն: