Պսորիազով հիվանդների շրջանում մեծ է աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների զարգացման վտանգը: Այսպիսի եզրակացության են հանգել Թայվանի Chang Gung Memorial Hospital խոշորագույն հիվանդանոցի գիտնականները:

Մասնագետները վերլուծել են 9 հետազոտություններ, որոնք պարունակում են ավելի քան 7 մլն մարդու տվյալներ: Պարզվել է, որ պսորիազով մարդկանց մոտ 2,5 անգամ ավելի հաճախ է զարգացել Կրոնի հիվանդությունը եւ 1,7 անգամ ավելի հաճախ՝ խոցային կոլիտը:

JAMA Dermatology ամսագիրը հայտնում է, որ պսորիազի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումների նման փոխկապվածությունը կարելի է բացատրել ընդհանուր գենետիկ շեղումներով կամ իմունային համակարգի խնդիրներով: Գիտնականներն ուշադրություն են դարձնում, որ ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ միեւնույն գեները կարող են ներգրավված լինել ինչպես պսորիազի զարգացման, այնպես էլ աղիների բորբոքման մեջ:

Բացառված չէ նաեւ, որ հայտնաբերված փոխկապվածությունը կարող է լինել պսորիազով հիվանդների աղիների յուրահատուկ միկրոբիոտայի հետեւանք: