Ծխողների մեծամասնությունը չգիտի, որ ծխախոտի մեջ շաքար են ավելացնում, եւ որ դա կարող է առողջության համար բացասական հետեւանքներ ունենալ: Այս մասին University of North Carolina at Chapel Hill-ի գիտնականները նշում են Nicotine and Tobacco Research ամսագրում հրապարակված հոդվածում:
Շաքարը, որ պարունակվում է ծխախոտի տերեւներում եւ հավելվում ծխախոտի արտադրության ժամանակ, ծառայում է ծխի դառնությունը մեղմելուն եւ հեշտացնում է այն շնչելու պրոցեսը: Մյուս կողմից՝ հավելված շաքարը մեծացնում է ծխի մեջ առկա վտանգավոր քիմիական նյութերի քանակությունը եւ ծխելուց կախվածություն է առաջացնում:
Հետազոտողները հարցում են անցկացրել 4350 մեծահասակ ծխողների շրջանում՝ պարզելու համար, թե արդյոք նրանք տեղյակ են ծխախոտի մեջ շաքարի հավելման եւ դրա հետ կապված վտանգների մասին: Հարցվածների միայն 5,5 տոկոսն էր տեղյակ ծխախոտի մեջ շաքարի հավելման մասին: Այն մասին, որ շաքարը մեծացնում է ծխի մեջ տոքսինների քանակությունը, տեղյակ էր միայն 3,8 տոկոսը:
Հետազոտողների կարծիքով՝ ծխախոտի մեջ շաքարի ավելացման մասին տեղեկության տարածումը կարող է խոստումնալից նոր մոտեցում լինել ծխելու կանխման արշավների համար: Իհարկե, առանց շաքարի էլ ծխախոտն առողջության համար շատ վտանգավոր է, բայց շաքարն այն ավելի վտանգավոր է դարձնում:
«Ծխախոտի մեջ ավելացված շաքարը ստեղծում է մահվան երրորդություն: Այն ծխախոտն ավելի գրավիչ եւ ավելի մահաբեր է դարձնում: Ծխողները պետք է իմանան, թե իրենք ԻՆՉ են ծխում, սակայն նրանք չգիտեն»,- նշել է Նոել Բրյուերը, որն ուսումնասիրել է ծխախոտի տուփերի վրա տոքսիկ քիմիկատների մասին գրառումները, ինչպես նաեւ ծխախոտի ծխի բաղադրիչների հանրային վնասի ընկալումը:






