Ապենդիքսի (կույր աղիքի որդանման ելունի) հեռացումը առողջության վրա բարերար ազդեցություն է ունենում: Այս մասին հայտնում է Science Translational Medicine ամսագիրը՝ վկայակոչելով շվեդ գիտնականների հետազոտությունները:

Պարզվել է՝ այն անձանց մոտ, ում կույր աղիքի որդանման ելունը հեռացված է, Պարկինսոնի հիվանդության զարգացման հավանականությունը նվազում է: Ընդհանուր առմամբ, վերլուծվել են ավելի քան 50 տարում Շվեդիայի ազգային ռեեստրում գրանցված գրեթե 1,7 մլն մարդու տվյալները: Պարզվել է, որ ապենդիքսի հեռացման վիրահատության ենթարկվածների շրջանում Պարկինսոնի հիվանդությամբ հիվանդանալու դեպքերը 19.3 տոկոսով հազվադեպ են եղել:

Գիտնականները սա բացատրում են կույր աղիքի որդանման ելունում ալֆա-սինուկլեին սպիտակուցի առկայությամբ, որն առանցքային դերակատարում ունի նեւրոլոգիական հիվանդությունների զարգացման մեջ: Տեսականորեն սպիտակուցը կարող է հայտնվել մարսողական համակարգի մեջ, իսկ այնուհետեւ ուղեղ՝ նրա բջիջների վրա կործանարար ազդեցություն ունենալով: