Փոքրիկ տղային սարսափ ֆիլմերը հակացուցված են հազվագյուտ հիվանդության պատճառով, որով աշխարհում տառապում է 400-ից քիչ մարդ:
The Daily Mail-ը հայտնում է, որ Այովայից 5-ամյա Ռիդ Գավլիկը տառապում է սպիտակ նյութի հիպոմիելինացմամբ (white matter disease, VWM): Հիվանդությունն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ արդյունքում առաջացնելով տեսողության, լսողության, շարժողական եւ կլլման ֆունկցիաների կորուստ: Այս հիվանդությունը չի բուժվում, ինչի հետ կապված ծնողներին եւ բժիշկներին մնում է միայն մեկ բան՝ տղային առավելագույն չափով մեկուսացնել ուժեղ էմոցիոնալ ապրումներից, քանի որ դա կարող է նրա համար կոմատոզ վիճակի հետեւանք ունենալ:
Սրա պատճառով ծնողները ստիպված են չափազանց զգույշ լինել, հատկապես Հելոուինի ժամանակ: Նույնիսկ կրկեսային հնարքների հետեւանքով առաջացած ապրումները կարող են Ռիդի ուղեղի վրա բացասաբար անդրադառնալ:
VWM-ն գենետիկ հիվանդություն է, որը հանդիպում է 40 մլն մարդուց միայն մեկի մոտ: Ռիդը մինչեւ 2 տարեկանը առողջ երեխա էր: Մի օր նրա մայրն ուշադրություն է դարձել, որ նա սկսել է կաղալ: Բժիշկները սկզբում կոտրվածք են կասկածել, սակայն ֆիքսող վիրակապը անօգուտ է եղել:
Երեք ամիս անց բազմաթիվ անալիզներից եւ հետազոտություններրից հետո բժիշկները վերջապես կարողացել են ճիշտ ախտորոշում կատարել: Բժիշկները չեն թաքցրել, որ հիվանդությունը պրոգրես կունենա եւ վերջնարդյունքում կբերի Ռիդի մահվանը: Հիվանդության հետեւանքով ուղեղն աստիճանաբար մարմնի վրա «վերահսկողությունը կորցնում է», եւ տղան չի կարողանա շնչել:
Հիմա ծնողներն աշխատում են տղայի կյանքն առավելագույնս հետաքրքիր եւ հագեցած դարձնել, որպեսզի նա կարողանա այն հնարավորինս վայելել: Արդեն հիմա Ռիդը ուժգին ցավեր ունի:
Սպիտակ նյութի հիպոմիելինացման հետազոտությունների ֆինանսավորման համար Ռիդի ընտանիքը եւ նրա բարեկամները կարողացել են հավաքել 150 հազար դոլար:






