Նոր նշտարը, որը միկրոալիքների օգտագործման շնորհիվ հյուսվածքները կտրում է առանց արյունահոսության, կարող է վիրաբուժության մեջ իսկական հեղափոխություն առաջացնել: Գաջեթը, որն ինչ-որ բանով նման է «Star Trek» ֆիլմի լազերային նշտարին, վերքերն ու անոթները «սոսնձում» է, քանի որ նրա ազդեցությամբ արյունն արագ մակարդվում է:
Նշտարը միկրոալիքների էներգիան ուղղում է 2 ոչ մեծ շեղբերի միջեւ՝ ճառագայթ ձեւավորելու համար, որն էլ հենց կտրում է մաշկը, մկանները եւ օրգանները: Հետազոտողները նախատեսում են, որ նման նշտարը կարող է օգնել վերքերի ավելի արագ ապաքինմանը՝ մաքրելով դրանք արյան մնացորդներից, որն այնքան խանգարում է վիրաբույժներին վիրահատություններ կատարելիս:
Նոր տեխնոլոգիայի մշակումն անցկացնում են Shiga University of Medical Science-ի (Ճապոնիա) գիտնականները: Նրանք դեվայսն իր հզորությամբ համեմատում են միկրոալիքային վառարանի հետ: Միկրոալիքներն ազդում են հյուսվածքներում ջրի մոլեկուլների վրա, այս պատճառով այրվածքների եւ վնասվածքների վտանգ գործնականում չկա:
Նշտարը կարող է օգնել կրճատել ժամանակը, որը հիվանդներին անհրաժեշտ է վիրաբուժական գործողություններից հետո առողջանալու համար: Սպասվում է նաեւ, որ այս նշտարի օգտագործումից հետո մարմնի վրա ավելի քիչ սպիացած հյուսվածքներ կմնան: Ճապոնացի գիտնականները իրենց մշակումն արդեն ցուցադրել են, որն արժե մոտ 380 ֆունտ սթերլինգ, իսկ հիմա սկսվում են դրա փորձարկումները հիվանդների վրա:






